«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի՝ «Փակուղի» (Deadlock) համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այսօր Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: «Vision du Reel»-ը հեղինակային վավերագրական կինոյի ամենահայտնի և նշանավոր կինոփառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թվականին:
Այդ փառատոնը Հարություն Խաչատրյանի կենսագրության մեջ կարևոր նշանակություն ունի.
«Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին փառատոնում արժանացել էր ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել էր «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: Այդ փառատոնում էր տեղի ունեցել նաև հեղինակի նախորդ ֆիլմի՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի» համաշխարհային պրեմիերան:
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:
«Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում և հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ին Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում: